1992 թվականի մայիսի 18-ին, հայկական բանակներն ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը: Այն ժամանակ այն «կյանքի» միջանցք էր Արցախի համար: Քաղաքի ազատագրումով սկսվեց նաեւ ամբողջ շրջանի՝ Քաշաթաղի շրջանի ազատագրումը: 

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջեւ: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ եւ մեծաքանակ կենդանի զինուժ: Լաչինի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային եւ դիրքային առավելություն, հետ մղեցին գրոհը: Մայիսի 17-ին հայկական ուժերը հետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր։

Մայիսի 18-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոստովանեց Լաչինի անկումը: