Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթի հնագույն համալիրները կենտրոնացած են Կուրի և Արաքսի ավազաններում։ Մ. թ. ա. IV հազարամյակի վերջին Կուր-Արաքսյան մշակույթը տարածվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, Իրանում և Հյուսիսային Կովկասում։ Հայկական լեռնաշխարհում սկզբնավորված ոչ մի մշակույթ այնպես չի ծավալվել, ինչպես Կուր-Արաքսյանը։ Աննախադեպ տարածման պատճառը էթնիկ տեղաշարժերն էին։ Մ. թ. ա. XIX դ-ի կեսերից լեռնաշխարհի արևելքում և հյուսիսարևելքում (Սյունիք, Արցախ, Սևանի ավազան, Աղստևի հովիտ) տարածվել է Սևան-Արցախյան մշակույթը, որն առավելապես ներկայացված է բնակատեղիներով։

Հայաստանում Երկաթի դարն սկսվել է մ. թ. ա. II հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ լեռնաշխարհը (Սյունիք, Մուշ, Խնուս և այլն) դարձել է Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավել։ Երկաթեդարյան հայտնի հուշարձաններից են Մեծամորը, Շամիրամը, Դվինը, Կարմիր բլուրը։