Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց մեծ շուքով վերաբացվեց, որին մասնակցելու համար հավաքվել էին հայրենիքից քշված ու աշխարհով մեկ սփռված Տիգրանակերտցի հայերը։

Նրանցից ոմանք, ովքեր իրենց մանկությունն ու պատանեկությունն անցկացրել են Տիգրանակերտում, 50 տարի անց առաջին անգամ էին եկել հայրենի քաղաք, ոմանք՝ 25 տարի անց։ Սակայն այն տները, որտեղ նրանք ծնվել ու մեծացել են, հողին են հավասարեցվել, իսկ  նեղլիկ փողոցները արդեն ջնջվել են նրանց հիշողություններից։ Եկեղեցու բացումը մեկ վայրում հավաքված հայերի համար մի կողմից ուրախություն ու երջանկություն էր, մյուս կողմից՝ թարմացրեց նրանց տխրությունը, ցավն ու հիշողությունները։ Սուրբ Կիրակոս եկեղեցու գավիթում հավաքված հայերը թեթևացնում էին հին օրերի կարոտը՝ միմյանց պատմելով իրենց անցած  փորձությունների մասին։