Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ռուդենկոն ասել է «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում: «Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը իրագործելու ուղղությամբ: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը անհրաժեշտության առաջացման դեպքում: Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ», – ասել է Անդրեյ Ռուդենկոն: