Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։  Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։  Այգու բացումը կատարվեց Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից։ Ելույթներով հանդես եկան Մոնպելիեի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր Ժերար Դեդեյանը: Ելույթներին հաջորդեց մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Եղիշե Չարենցի բանաստեղծություններ, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր՝ Մոնպելիեի Հայկական ընկերակցության դպրոցի երեխաների կատարմամբ, ինչպես նաև դուդուկով կատարումներ ու հայկական ազգագրական պարեր՝ Ֆրանսահայ Երիտասարդաց Միության ներկայացուցիչների մատուցմամբ։