Շվեդական «Expressen» թերթը զրուցել է թուրք վտարանդի գրող Ռագըփ Զարաքոլուի հետ՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ իրենք կաջակցեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան Ռագըփ Զարաքոլուին արտահանձնի Թուրքիային:

Մեկնաբանելով այս սակարակությունը՝ Զարաքոլուն նշել է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և չի դիմի նման քայլի, չի թողնի որ Էրդողանը քաղաքական միավորներ հավաքի դրա հաշվին:

Գրող Ռագըփ Զարաքոլուն ապաստան է գտել Շվեդիայում 2012 թվականին: Նա հայտնի հրատարակիչ և գրող է, ով ասում էր, որ իր ողջ կյանքում պայքարել է արդարության համար և այդ պատճառով բանտարկվել է։ Նրան մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեջ: 

Զարաքոլուն հրատարակել է մի շարք գրքեր Հայերի ցեղասպանության մասին։ 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին: