Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Սումփֆին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մանդատների ընդհանրությունները հաշվի առնելով՝ Վլադիմիր Շկոլնիկովն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին իր գործունեության շրջանակներում և առավել խորացնելու համագործակցությունը։

«Պաշտպան Գրիգորյանը Վլադիմիր Շկոլնիկովին ներկայացրել է իր մանդատի շրջանակներում առանձնացված առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։