2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 000 անձ:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալները հրապարակել է  ԱՀ Ազգային ժողովում։

Տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից մշտադիտարկման այց են կատարել տեղահանված անձանց կենտրոնացված բնակության հաստատություններ, հավաքագրել խնդիրներն ու դրանք ներկայացրել պետական լիազոր մարմիններին։

Չնայած պետության կողմից ներդրված մեծածավալ ջանքերի, բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուքների և մի շարք այլ հարցերի։