«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ձեռագրերի՝ 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու Արցախի հարուստ, բայց  շատերին անծանոթ միջնադարյան գրավոր ժառանգությունը։

Անգլերեն լեզվով ուսումնասիրություն-պատկերագրքի հեղինակներն են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանն ու Վահե Թորոսյանը:

 «Թեև գրքի բուն թեման վերաբերում է Արցախի, Ուտիքի ձեռագրային ժառանգությանը, մանրանկարչությանը, բայց առաջին գլուխը համառոտ անդրադառնում է Արցախի և Ուտիքի քաղաքական պատմությանը, Աղվանից եկեղեցուն, Աղվանից կաթողիկոսության պատմությանը: Մատչելի ներկայացրել ենք անտիկ շրջանից մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Էական է շեշտել բուն Աղվանքի հետ Մեծ Հայքի սահմանի խնդիրը, որը ինչպես շատ պարզ գրել ու արձանագրել են օտար և հայկական աղբյուրները, եղել է Կուր գետը: Մենք վեր ենք հանում այդ իրողությունն ու ներկայացնում նաև Արցախի և Ուտիքի պատմության՝ արաբական տիրապետության տակ լինելու շրջանը, Բագրատունյաց թագավորության, Զաքարյան Հայաստանի շրջաններն ու ամփոփել ենք Արցախի մելիքությունների շրջանը»,-պատմեց Վահե Թորոսյանը։