Որևէ ինքնավարություն Արցախի ժողովրդի համար անընդունելի է: Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Արցախին մշակութային ինքնավարության կարգավիճակ տալու շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հարցին:

«Սա ինքնանպատակ չէ եւ ոչ էլ քմահաճույք է: Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Գիտի հստակ դեմոգրաֆիկ ցուցանիշներով, խտրական քաղաքականությամբ, որն իրականացրել է Խորհրդային Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական բնակչության թվաքանակն աճում էր, հայկական բնակչության թվաքանակը՝ նվազում: Արցախցիներին ադրբեջանական կենցաղն էր պարտադրվում: Մենք բազմիցս նշել ենք, որ չենք լինի Ադրբեջանի կազմում: Ով էլ, ինչ էլ ընդունի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի»,- ասել է նա:

Օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունի նման փաստաթուղթը, եթե այն իրականություն դառնա: