Կովկասյան Հայկական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր ֹատիսյանի անտիպ հուշերից

(Հատված  Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի նոր գրքից)

… Եթե ես քայլ առ քայլ, օր առ օր փոխանցեմ մեր հանդիպումները, այցելություններն ու զրույցները բոլոր դիվանագետների, մինիստրների, լրագրողների և հասարակական գործիչների հետ, ապա կստացվեր մի հսկա հատոր, ինչպիսին էր Էրիվան վերադառնալուց հետո Հայաստանի կառավարությանը ներկայացրած մեր պատվիրակության զեկույցը: Ուստիև, շարադրանքի առավել պարզության համար ես ներկայացրել եմ մեր շփումները այն բոլոր խմբերի հետ, որոնց հետ մենք հարաբերվել ենք: Այդ խմբերը հետևյալն էին. Մինիստրների Խորհուրդը` մեծ վեզիր Թալեաթ-փաշայի գլխավորությամբ, ռազմական Մինիստր` գեներալիսսիմուս Էնվեր-փաշան և արտաքին գործերի Մինիստր Միսսիլեմ-բեյը, արտասահմանյան դեսպանորդներ, որոնք պատերազմող տերություններից երեքն էին. Գերմանիայից` կոմս Բենկենդորֆը, Ավստրո-Հունգարիայից ` մարկիզ Պալավինսկին և Բուլղարիայից` Կոլիխևը, չեզոք տերություններից` Պարսկաստանի դեսպանորդն ու շվեդական դեսպանորդը, երիտթուրքական կոմիտեն, հայկական և թուրքական մամուլը և թուրքական քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ, Սենատի Նախագահ, հայտնի Ահմեդ Րիզան և “Թաքինի” նախքին խմբագիր, Պարլամենտի փոխ-նախագահ Հուսսեյն Ջահիդ-բեյը, ծովային մինիստր, Թուրքիայի Տրապիզոնյան պատվիրակության ղեկավար Ռաուֆ-բեյը և բազմաթիվ այլ անձինք Թուրքիայի Պարլամենտից: Բացի դրանից, Էնվեր-փաշան մեզ ներկայացրեց սուլթանին, ում հետ մենք զրույց ունեցանք հայկական հարցի շուրջ: Միաժամանակ, համաձայն ստացած հրահանգների, Հայոց Ազգային Խորհրդի պատվիրակության անդամներ Համո Օհանջանյանն ու Արշակ Զուրաբյանը, որոնք արդեն լիազորություններ էին ստացել նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունից, անհրաժեշտ ամենը ներկայացնում էին Գերմանիայի Կառավարությանը, ինչպես նաև շփումներ էին ունեցել Գերմանիայում բոլշևիկյան Ռուսաստանի դեսպանորդ Իոֆֆեի հետ: Ահա այն շրջանները, որոնց հետ չորս ամիսների ընթացքում Կոստանդնուպոլսում հարաբերություններ ու շփումներ է ունեցել հայկական պատվիրակությունը: Խալիլ-բեյի հետ մեր առաջին իսկ զրույցի ընթացքում մենք բախվեցինք այն առարկությանը, թե բոլոր պետություններն էլ իրենց գոյությունը սկսել են փոքր տարածքներից և զարգացել են ժամանակի ընթացքում: Հատկապես հաճախակի հիշատակվում էր Հունաստանը, որն իր գոյությունը սկսել էր 400.000 բնակչությամբ և Բելգիան, որն ուներ 6 միլիոն բնակիչ 30.000 քառ.կմ. տարածքի պարագայում:

Երբ 1916-ին Պալատում վերսկսվեցին զեմստվոներին առնչվող խորհրդակցությունները, հայկական տարածքների հարցը հայերի համար դարձավ օրախնդիր: Ես այդ խորհրդակցության անդամ էի: Մենք համառորեն ձգտում էինք ստեղծել խիտ հայկական բնակչությամբ տարածքներ: Դրան հասնելու միակ միջոցը դա վարչական վերաբաժանում իրականացնելն էր, այսինքն նահանգների և գավառների սահմանների վերաձևումն էր: Այդ աշխատանքը, այսինքն այդ հարցի տեսության նախապատրաստումը, իրականացրեց հետո մահացած մեր ընկեր Ա.Շահատունին: Նա հրատարակեց իր աշխատությունը` Կովկասում հայկական տարածքների հարցը հասկանալու համար կարևոր ու տպավորիչ մի աշխատություն:

Հայկական տարածքների հարցի հիմնարար մշակման համար մենք ստեղծեցինք հանձնաժողով, որի կազմում էին Քրիստափոր Վերմիշևը, Արտ. …լովը, Շահաթունին և ես:  Լևոն Մանթաշևն այդ աշխատանքների համար տրամադրեց 20.000 ռուբլի և մանրակրկիտ հետազոտություններից հետո աշխատանքն հասցվեց ավարտին: Սահմանների “վերաձևման” նախագիծը նահանգների սահմանների վերափոխմանը վերաբերող Պալատում ներկայացրած մեր բոլորիս, մասնավորապես, նաև`իմ  ելույթների հիմքն էր հանդիսանում: Մենք ձգտում էինք կտրել Լոռին ու Ախալքալաքը Թիֆլիսի նահանգից, Զանգեզուրն ու Ղարաբաղը` Ելիզավետպոլի նահանգից, Կարսի ու Կաղզմանի շրջաններ` Կարսի մարզից, և այդ դեպքում ստեղծվում էր խիտ ու մեծամասնություն կազմող հայկական բնակչությամբ կուռ ազգային` հայկական տարածք: Այն, ինչ իրականացնում էին թուրքերը, արհեստականորեն նոսրացնելով հայկական բնակչության խտությունը 6 վիլայեթներում և հասնելով նրան, որպեսզի դրանցից և ոչ մեկում հայերը մեծամասնություն չկազմեն, նույնն անում էին նաև ցարական իշխանությունները Կովկասում: Թուրքերն այնպես էին բաժանել վիլայեթների սահմանները, որ ոչ մի վիլայեթում հայերը հանկարծ բնակչության 38%-ից ավել չկազմեն, ինչն էլ իրենց իրավունք էր տալիս պնդել, որ 6 վիլայեթներից և ոչ մեկում հայերը մեծամասնություն չեն կազմում: Դրա համար էլ հայկական տարածքների հարցը չափազանց ցավոտ էր. նրա լուծմանն ուղղված քայլերը հետագայում շատ արյուն արժեցան, բայց առանց այդ քայլերի չէր լինի  Հայաստանի Հանրապետությունը` ոչ դեմոկրատական, և ոչ էլ խորհրդային

Հիմնական հայկական տարածքները դա Էրիվանի նահանգն էր, Կարսի մարզը և Ելիզավետպոլի նահանգի մի մասը: Էրիվանի նահանգն ուներ 1.114.498 բնակիչ, որոնցից հայերը` 669.871, Կարսի մարզը` 404.305 բնակիչ, որոնցից հայերը` 123.170, Ելիզավետպոլի նահանգում`1.275.131 բնակիչ, որոնցից հայերը`418.859. Թիֆլիսի նահանգի բնակչությունը 1.472.308 էր, որոնցից հայերը`411.747:  Հայերն ամենուրեք ներկա էին որպես հզոր տարր, սակայն բացարձակ մեծամասնություն (մոտ 60%) կազմում էին միայն Էրիվանի նահանգում, այն էլ` ոչ բոլոր գավառներում: Իսկ, առհասարակ, Անդրկովկասում մահմեդականները կազմում էին ընդհանուր բնակչության 42,02 % -ը, վրացիները`20,89 % -ը, հայերը` 22,92 %-ը: Հայերի թիվն Անդրկովկասում կազմում էր 1.803.556 մարդ, վրացիներինը` 1.651.378 մարդ:

Փոփոխված սահմանների դեպքում` արդեն Հայաստանի Հանրապետության պարագայում, երբ մենք հաշվի չէինք առնում նախկին ռուսական նահանգների սահմանները, ստացվում էր լրիվ այլ վիճակագրական պատկեր. 1917թ. Հայաստանի Հանրապետության սահմաններում, ինչպես որ մենք տեսականորեն դրանք պատկերացնում էինք, պետք է որ գտնվեր 2.159.000 մարդ, որոնցից 66 %-ը, այսինքն` 1.416.000 հայ, 31 %-ը, այսինքն 670.000` մահմեդական, 3%-ը` 73.000 մարդ` այլ ազգերի ներկայացուցիչներ: Նույնիսկ այդ դեպքում Հայաստանից դուրս` Վրաստանում, Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում դեռևս մնում էին ևս 494.000 հայեր: Բայց նման պատկեր ստանալու համար անհրաժեշտ էր իրականացնել վարչական սահմանների վերաձևում: Պալատում այդ մասին խոսվեց շատ հաճախ ու շատ երկար: Բայց 1916թ., Պալատում, Ցարական իշխանության օրոք, մենք չէինք խոսում “հայկական ազգային տարածքի” մասին: Մենք խոսում էինք կլիմայական, տեղաշարժերի, գյուղատնտեսական և ոռոգմանը վերաբերող պատճառների մասին, որոնք անհրաժեշտություն են առաջ բերում գոյություն ունեցող վարչական սահմանները վերանայելու համար: Բոլորը լուռ հասկանում էին միմյանց, բայց ոչ ոք չէր պատրաստվում իրերն անվանել իրենց անուններով: Բայց պայքարը սուր էր և թեժ: Թաթարները դեմ էին սահմանների վերանայմանը, վրացիները` նույնպես: Բայց մեր մեջ այդ միտքը նստած էր շատ խորը: Չէ որ դեռևս 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ խուլ պայքար էր գնում հոծ ազգային տարածքների ստեղծման և նրանք միմյանց հետ ապահով և անվտանգ ճանապարհներով կապելու ուղղությամբ: Ահա թե ինչու ես անհրաժեշտ համարեցի բերել այս կարևոր տեղեկությունները` սկսած 1905-ից և վերջացրած 1916թ., որպեսզի պարզ լինի, թե ինչ սրությամբ 1917-1918թթ. դուրս ժայթքեցին այն հարցերն ու վեճերը, որոնք խուլ ու լռելյայն քննարկվում էին դեռևս տասը տարի առաջ: Եվ 1918թ. Կոստանդնուպոլսում մենք բազում անգամներ փորձում էինք այնպես գծել Հայաստանի սահմանները, որպեսզի կարողանանք նրանց շրջանակում տեղավորել հնարավորինս մեծ քանակով կովկասահայություն

Դա էր մեր աշխատանքների հիմքն այստեղ: Հետագայում այդ հարցերին նվիրված աշխատություններն ավելի ընդլայնվեցին: Ներկայում դրանք բոլորն էլ տպագրված են Փարիզում` Հայաստանի Հանրապետության պատվիրակության հրատարակության տեսքով` առանձին չորս հատորյակներով: Բայց թուրքերը տեղյակ էին մեր բոլոր նախագծերի մասին և գիտակցաբար հակազդում էին դրանց: Նրանք չէին ուզում կենսունակ Հայաստանի ստեղծումն ու կայացումը: Նրանց պետք էր հենց ինքը` Ղարաբաղ-Զանգեզուրը, որպեսզի Նախիջևանը կապվի Բաքվի հետ, նրանց անհրաժեշտ էր Ախալքալակ-Լոռին, որպեսզի Կարսից ու Ախալցխայից կարողանան գնալ դեպի Ղազախ-Ելիզավետպոլ: Այդ մրցակցության ընթացքում բուն ճշմարտությունը թաքցվում էր, քանզի թուրքերը չէին ցանկանում բացահայտել իրենց նախագծերն ու խաղաքարտերը: Սակայն, երբ մենք պատրաստել էինք արդեն մեր տվյալները, գծագրերն ու սահմանների նախագծերը, ինչի վրա ծախսվեց մոտ ամիս ու կես` հունիսից մինչև հուլիս, մենք տեսանք, որ վրացիներն ու թաթարները նույն շրջանները ներառել են իրենց սահմանների մեջ: Այստեղ արդեն հասունանում էր ներքին ընդհարում, ինչը հետագայում վերաճեց հայ-վրացական, հայ-ադրբեջանական, վրաց-ադրբեջանական պատերազմների: Այդ հակամարտությունն այսօր էլ ավարտված չէ: Պարզապես, այն ժամանակավոր անցել է ընդհատակ: