Արեգի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արևմտյան Հայաստանի Կարին նահանգի Արեգ գավառում։

Վանքը ունի երկու անուն, առաջինը՝ «Գետահայաց», այս անվանումը ստացել է այն պատճառով, որ եկեղեցուն կից հոսում էր Օրոր գետը։ Երկրորդ անունը՝ «Բարձր Աստվածածնի վանք», կապված է նրա կառուցման վայրի հետ․ այն կառուցված է բարձրադիր տեղում։

Ըստ ավանդության, վանքը հիմնադրել է Թադեոս առաքյալը։ Սակայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը ներկայացնում է տեղեկագիր օսմանյան իշխանություններին, որ վանքը հիմնադրվել է 1447 թվականին։

Վանքում կրկնօրինակված մի քանի ձեռագրերից պարզ է դառնում, որ 16-18-րդ դարերի ընթացքում վանքը եղել է կրթական կենտրոն և ծառայել է առաջնորդանիստ։

1898 թվականին «Արևելք» թերթը անդրադարձ է կատարում այս վանքին՝ գրելով, որ վանքը գտնվում է անտեր վիճակում, որի հարակից հողատարածքները տնօրինում են պատահական մարդիկ։ Տրդատ եպիսկոպոս Պալեանը, 1901 թվականին հիշատակելով  այս վանքի մասին՝ ցավով արձանագրում է, որ իրեն չի հաջողվել ստույգ տեղեկություններ ստանալ վանքի ներկայիս վիճակի մասին։