Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի Լիջե գավառում անցկացված «Off-Road Festival» խորագրով փառատոնի ընթացքում քաղաքի կենտրոնական հատվածում շրջել է մի ավտոբուս, որի վրա փակցված է եղել  զինված Թոփալ Օսմանի լուսանկարը։ Վերջինիս անունը պատմությունից հայտնի է որպես քրդերի, հույների և հայերի դեմ կատարված արյունալի ջարդերի հեղինակներից մեկը։

Փառատոնն իրականացվել է ծնունդով սևծովյան շրջանի Գիրեսուն նահանգից՝ Տիգրանակերտի փոխնահանգապետ Մուրադ Օզթուրքի առաջարկությամբ և Գիրեսունի նահանգապետարանի հետ համագործակցությամբ։ Ավտոբուսը տրամադրվել էր Գիրեսունի նահանգապետարանի կողմից՝ մասնակիցներին տեղափոխելու համար։

Նշենք, որ Թոփալ Օսմանը Սև ծովում՝ հույների և հայերի, իսկ Սեբաստիայում՝ քուրդ ալևիների դեմ կազմակերպված արյունալի հարձակումների համահեղինակ և իրագործողն էր, որի լուսանկարի մասսայական ցուցադրումը բողոքի ալիք է առացացրել բնակչության մեջ։

Արևմտյան Հայաստանը դատապարտում է այս և նմանօրինակ ակցիաները՝ միաժամանակ գնահատելով ողջամիտ և ժողովրդավար հասարակության վերաբերմունքը այս գործողության և նրա կազմակերպիչների նկատմամբ։