ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին Երևանում  հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և այդ պահին շտաբում գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ: Ա. Թովմասյանը մտահոգություն է հայտնել թշնամու վերահսկողության տակ գտնվող շրջանների ու ենթաշրջանների՝ յուրահատուկ ավանդույթների ու մշակութային տարատեսակ շերտերի հետագա ճակատագրի առումով՝ խիստ կարևորելով այդ արժեքների պաշտպանությունը։ Ոչ հեռավոր անցյալում նման խնդիր էր ծառացել Շահումյան-Գյուլիստանի մշակութային արժեքների պահպանության առումով, իսկ այժմ կանգնած ենք Հադրութ-Դիզակի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման խնդրի առջև։

Միքայել Վիրաբյանը նշել է, որ ամեն կերպ ձգտում են ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ապրող տեղահանված արցախցիների շրջանում մատաղ սերնդի ազգային-մշակութակրթական դաստիարակությունը և համակողմանի աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին: