Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Ալիեւը զանգել է Էրդողանին եւ ներկայացրել դրա արդյունքները։ Նա հատկապես ընդգծել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ, այդ թվում թե երկաթուղու, թե մայրուղու հարցերով։ Բաքուն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Իրանի տարածքով Նախիջեւանի հետ «միջանցքի» գործարկման վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, Բաքուն պնդում է «Զանգեզուրի արտատարածքային միջանցքը», եւ դրա պատճառը զուտ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետի իրագործումը եւ Նախիջեւանի հետ ցամաքային կապ բացելու խնդիրը չէ։ Խնդիրն առավել լայն է եւ առնչվում է 1921-ի Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի թարմացմանը ընդլայնված կիրառմամբ։ Դրանց իրավական առավելագույն ժամկետը սպառվել է, ինչով էլ պայմանավորված էր 2020-ի ռուս-թուրքական արշավը Հայաստանի դեմ։ Այդ պայմանագրերով Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես փոխանցված Բաքվի խնամակալությանը։ Իր հերթին, բաց են մնում Կարսի եւ հայկական օկուպացված այլ տարածքների խնդիրները Թուրքիայի համար, քանի որ Լոզանի պայմանագիրն իրավական խիստ իմաստով անվավեր է։ Այդ պայմանագրով է Կարսը ճանաչվել Թուրքիայի տարածք։ Սահմանների այս խնդիրը հնարավորություն էր՝ Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու եւ ամուր դիրքեր ստանալու առնվազն Արցախի անվտանգության, կարգավիճակի եւ փախստականների վերադարձի հարցերում։