Լալազարի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում` Որոտան գետի ստորին հոսանքի շրջանում: Կամուրջը երկթռիչք է, քարաշեն ու ամրակուռ։ Իր չափերով բավականին մեծ այս կամուրջը 1867թ. կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը։
1900-1902 թթ. ընթացքում կամուրջը հիմնավորապես նորոգել է նրա որդին` Սիմեոն Լալազարյանցը։
Կամրջի հիմնադրման և նորոգության տարեթվերը տակավին ընթերցվում են նաև ձախափնյա խելից վեր` գետի հոսքընթաց ճակատին ագուցված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ, որը դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանական վանդալները միտումնավոր կերպով քերել են։
«Լալազարի» կամրջից 350մ Որոտան գետի հոսանքով ներքև` դեռ պահպանվում են XIX դարում կառուցված ջրաղացի ավերակները, իսկ կամրջից 1,2 կմ հյուսիս-արևելք անվնաս է ժայռափոր մի եկեղեցի։