Հայկական ճարտարապետության  պատմության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի Անիի տաճարը, որն իր ոճական ինքնատիպությամբ, կառույցների հորինվածքային, գեղարվեստական ձևերի նորարարությամբ մեծ ազդեցություն է թողել հայ ճարտարապետության զարգացման հետագա ամբողջ ընթացքի վրա:  Անիի տաճարի ստեղծագործական նվաճումներն անխզելիորեն կապված են միջնադարյան Հայաստանի մեծանուն ճարտարապետ Տրդատի անվան հետ, ով իր բեղուն գործունեության ընթացքում արարել է հոյակերտ, անզուգական կոթողներ:

Մեծանուն գիտնական, ճարտարապետ Թորոս Թորամանյանը բարձր է գնահատել Տրդատի կարևորությունը հայ ճարտարապետության մեջ: Անգնահատելի է Տրդատի դերը հայ ճարտարապետական ինքնության ձևավորման գործում: Տրդատի ստեղծագործական անհատականության լավագույն դրսևորումներից մեկն է Անիի Մայր տաճարը՝ նշանակալի դեր կատարելով  եկեղեցական ճարտարապետության գեղարվեստական ձևերի զարգացման գործում: Մայր տաճարն իր շքեղությամբ, գաղափարաբովանդակային ասելիքով կոչված է եղել հավերժացնելու հայկական պետականության հզորությունը: