Իսրայելն արգելել է Գերմանիային իր տեխնոլոգիաներով արտադրված Spike հրթիռների մատակարարումն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Axios հրատարակությունը։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թել Ավիվը մտահոգված է, որ ռուս զինվորները կսպանվեն իսրայելական արտադրության զենքերից, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը կվնասի Իսրայելի անվտանգության շահերը Սիրիայում: Ինչպես նկատում ենք, սիրիական թեման «ներկա» է նաեւ Ուկրաինայի դեմ պատերազմում։ ՌԴ-ն ապահովում է Իսրայելի շահերն ու անվտանգությունը, այդ թվում՝ Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու հարցում։ Դրա դիմաց Իսրայելը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Հայաստանի դեմ 2020-ի պատերազմում Իսրայելը զենքեր էր մատակարարում Բաքվին, որոնցով սպանվում էին հայ զինվորները։ Իսրայելն այն ժամանակ նման մտավախություն չուներ, քանի որ կրկին «սիրիական հիմքով» գործում էր Ռուսաստանի հետ համաձայնություններով, որոնց վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ եղան մամուլում եւ որոնց Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Հայաստանի դեմ 2020-ի արշավը նաեւ հակաիրանական նպատակներ ուներ։