Սաիթ Չեթինօղլուի ձեռք բերած դիվանագիտական ​​փաստաթղթի համաձայն՝ նախկին արտգործնախարար, ապա Բեյրութի գլխավոր հյուպատոս Ֆաթին Ռյուշթու Զորլուն 1944թ. Լիբանանի կառավարության առջև հանդես եկավ նախաձեռնությամբ՝ ընդդեմ Քամուրան Ալի Բեդիրհանի կողմից Բեյրութում հրատարակվող ROJA NU թերթի։  

Սաիթ Չեթինօղլու

Թուրքիայի Հանրապետության՝ Մերձավոր Արևելքում կազմակերպած ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերը և  հարկադրված կամ կամավոր տեղահանված քրդերը մշտապես հսկողության տակ են, այս առումով զարմանալի չէ, որ Թուրքիայի Հանրապետությունը անմիջականորեն հետաքրքրված է Մերձավոր Արևելքով, հատկապես Սիրիայի հյուսիսով։

Այս հոդվածի թեման Բեյրութի նախկին գլխավոր հյուպատոս Ֆաթին Ռյուշթու Զորլուի՝  1944 թվականի մայիսի 19-ին ներկայացրած  զեկույցն է, որտեղ նա  կենտրոնացել է Բեյրութում լույս տեսնող LE JOUR NOUVEAU / ROJA NU թերթում  հրատարկված Մերձավոր Արևելքի հայերի և քրդերի վերաբերյալ հոդվածի վրա։ Նրա կյանքը ողբերգականորեն ավարտվեց Յասսըադայում 1961 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնավարութունը ավարտելուց հետո։

Զեկույցը նույնքան մանրամասն է, որքան հայկական և քրդական թեմաներով մյուս զեկույցները։ Հատկանշական է, որ այլ երկրների դիվանագետները վերահսկվում են՝ ելնելով զեկույցի կարևորությունից։ Թե ամենափոքր սենսացիան, թե նույնիսկ ասեկոսեները ձայնագրվում և գրանցվում են կենտրոնում: 

Roja Nu թերթի 1944 թվականի մայիսի 8-ի համարը, որը հանդիսացել է Զորլուի  զեկույցի հիմքը, լույս է տեսել երկու լեզուներով՝ ֆրանսերեն և քրդերեն։ Ֆրանսերեն բաժնում Քուրդիստան վերնագրով տպագրված հոդվածում մանրամասն քննարկվում են Մերձավոր Արևելքի հիմնախնդիրները, որոնք ներկայացվում են որպես Արևելյան հարց՝  նկատի առնելով քրդերին ու քրդական հարցը։ 

Տարօրինակ չէ, որ Զորլուին դուր չի գալիս հոդվածում հայկական ջարդերի հիշատակումը, և դա նրա կողմից արձանագրվում է որպես Թուրքիայի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք: Զեկույցի այն  հատվածներում, որոնք վերաբերում են քրդերին, հնչում են արհամարհանքի և զրպարտության արտահայտություններ, իսկ հրատարակիչները մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

Զեկույցի հետաքրքիր պարբերություններից է մեղադրանքը առ այն, որ զգալի զանգված կազմող հայերն ու քրդերը կառավարվում են բրիտանական հետախուզության կողմից։ Զորլուն փորձում է մեծացնել իր զեկույցի նշանակությունը՝ հավելելով, որ անիմաստ չեն Խորհրդային Միության դեսպան Նովիկովի մասին շրջանառվող լուրերը։ Նա փորձում է խորհրդավոր նշանակություն տալ նաև Անկարայում Խորհրդային Միության դեսպանատան առաջին քարտուղար Միխայլովի՝ Բեյրութ, Պաղեստին և Կահիրե կատարած ճանապարհորդություններին։

Նման զեկույցների թեման, հատկապես, եթե  հարցը վերաբերում է Մերձավոր Արևելքին, կոմունիզմի ազդեցությունն ու վտանգն է:

Ընդգծելով, որ «գոյություն ունեն արաբ, ուղղափառ, հայ և կոմունիստական ​​որոշ տարրեր, որոնք հակված են դեպի սովետները», Զորլուն ուշադրություն է հրավիրել այն զանգվածների հնարավորության կամ վտանգավորության վրա, որոնց անկախության երազանքը շուտով կիրականանա։

Գլխավոր հյուպատոսը(Ֆաթին Ռյուշթու Զորլու) իրավիճակը փոխանցում է պատկան մարմիններին և գրանցամատյանում ծանոթագրություն է հավելում. «Վերոհիշյալ քրդական թերթի վերաբերյալ ես հրավիրեցի և՛ գլխավոր պատվիրակության, և՛ Լիբանանի կառավարության ուշադրությունը, նրանք խոստացան, որ անհապաղ քայլեր կձեռնարկեն: Գլխավոր պատվիրակության քաղաքական բյուրոյի տնօրենն այսօր հեռախոսով ասաց, որ գրաքննությունը խիստ քննադատվել է, իսկ թերթը՝ զգուշացվել»:

LE JOUR NOUVEAU / ROJA NU թերթի ֆրանսերեն բաժնում Քուրդիստան վերնագրով երկար ու մանրամասն գրված հոդվածը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մերձավոր Արևելքի քաղաքական մթնոլորտը վերլուծելիս, սեղանին դրեց քրդերի քաղաքական կարգավիճակը և քննարկման ներկայացրեց Արևմտյան աշխարհի  մոտեցումը՝ երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ուշագրավ է, որ հոդվածը գրվել է այդ ժամանակաշրջանի դիվանագիտական ​​լեզվով՝ ֆրանսերենով, և որ այն նախատեսված է եղել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների համար։ Հոդվածը նաև կարևոր պատմական փաստաթուղթ է։ Սխալ չի լինի ասել, որ այն պետք է ընկալել որպես քրդական հարցի հակիրճ ամփոփում։  Սակայն, որքան էլ որ  հարցը թափանցիկ  է  ներկայացվել, ուտոպիստական ​​է թվում այն ​​ակնկալիքը, որ պատերազմի արդյունքում ձևավորվող մթնոլորտը կարող է օգուտ բերել  քրդերին, և որ տրված խոստումները կհիշվեն։

[1] Պետական ​​Արխիվ, Արտաքին գործերի նախարարության Արխիվ, թիվ 571_35679-140791-119

Ֆաթին Ռյուշտյու Զորլուի զեկույցը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բեյրութ՝ 19 մայիսի 1944 թ

Բեյրութի գլխավոր հյուպատոս

Թիվ 429/219/8 , հիմքում՝  Բերութում լույս տեսնող որոշ քրդական թերթեր: 

Արտաքին գործերի նախարարությանը.

Անվտանգության գլխավոր տնօրինության կողմից որոնվող քրդական «Jour Nouveau — Roja NU թերթի մայիսի 8-ի համարում հրապարակվել է «Քուրդիստան» վերնագրով հոդվածը, որտեղ հակիրճ ասվում է, որ Օսմանյան կայսրության փլուզմամբ քրդական հարցը չլուծվեց, և Քուրդիստանը կազմող տարածքը մնաց Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Իրաքին և Սիրիային։ Ռուսաստանին և բրիտանական ու ֆրանսիական մանդատներին անցած այդ բոլոր բնակավայրերի հանդեպ, որտեղ բնակվում են համապատասխանաբար 160 հազար, 3,5 միլիոն, 4 միլիոն, 1 միլիոն և 250 հազար քրդեր,  համեմատաբար բարեհաճ են վերաբերվում և օգնում են նրանց բարոյական առաջընթացին: Սակայն քրդերը Թուրքիայում և Իրանում մշտապես ենթարկվում են հալածանքների, իսկ Թուրքիան հիշատակվում է  անբարյացակամ եզրույթներով։

Այս և նմանատիպ քրդական թերթերը միշտ անկանոն ու քիչ են տպագրվում և մեծ դժվարությամբ են մատակարարվում։ Գրեթե ընթերցող չունեցող քրդական թերթերը, որոնք թղթի սակավության այս ժամանակաշրջանում տարածվում են միայն կառավարության օժանդակությամբ, նոր ապացույց են այն բանի, որ որոշ գաղութատիրական պետություններ ազգային փոքրամասնությունների խնդիրները դարձնում են զենք, որպեսզի օգտագործեն իրենց հարևանների դեմ:

Իրականում Սիրիայում և Լիբանանում քրդական և հայկական այս հարցը միշտ չլուսաբանված վիճակում է պահվում, և երբեմն  դրանք լուսավորվում ու մարվում են տարբեր պետությունների՝ Թուրքիայի Հանրապետության  հետ հարաբերությունների իրավիճակին համապատասխան։

Իմ կարծիքով, վերոհիշյալ քարոզչությունը երկու ասպեկտ է ներկայացնում. դրանցից մեկն այն է, որ ֆրանսիական որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց քարոզչությունով հենվել ռուսական ուժի վրա, ըստ որի՝ ռուսները կմոտենան այս մտածելակերպին՝ ձևավորելով Հայաստան կամ Քուրդիստան, հետևաբար կհամագործակցեն ֆրանսիացիների հետ՝ ընդդեմ անգլո-սաքսոնների։ 

Ինչ վերաբերում է երկրորդ վարկածին, ապա այն կառավարվում է բրիտանական քարոզչական ծառայությունների կողմից՝ թույլ չտալու համար, որ հայերն ու քրդերը, որոնք այս երկրներում նշանակալի զանգվածներ են, ընկնեն ուրիշների ձեռքը: Բայց նրանք գիտակցու՞մ են արդյոք, որ այդպես երկար առաջ չեն գնա, որ մեր երկրի դեմ սադրանքը, որը հեշտությամբ կարող է բորբոքվել ներկա իրավիճակում, հակասում է ավելի շատ իրենց հանրային շահին, քան մեր: Դա քարոզչություն է, որը փաստացի հիմք չունի, և որ ռուսներն իրենց խրախուսանքներով իրավիճակ են ստեղծում մեր դեմ։

Վերը նշված նախադասություններով ես փորձեցի ներկայացնել, որ այս քարոզչությունը  նպատակ ունի տպավորություն ստեղծել, որ Անգլիան պատրաստվում է որոշումներ ընդունել մեր երկրի դեմ՝ համագործակցելով վերոնշյալ տարրի հետ (ռուսներ)։ Կարծում եմ այն հիմնված է ոչ թե իրականության, այլ բառերի վրա։ 

Բացի այդ, ուզում եմ արձանագրել որոշ ասեկոսեներ Կահիրեում Խորհրդային դեսպան Նովիկովի գործունեության վերաբերյալ։ Կահիրեից նոր ժամանած մի գործընկեր ինձ պատմեց, որ Նովիկովն ու իր կինը ակտիվ են եղել հայերի շրջանում՝ երկուսն էլ հաճախակի մասնակցել են հայերի ժողովներին, և Կահիրեում լուրեր են տարածվել, որ Խորհրդային Ռուսաստանը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհելու բոլոր հայերին։ Այստեղ շրջանառվող լուրերից մեկն այն է, որ Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը շուտով բանակցություններ է սկսելու Սիրիա և Լիբանան դեսպան ուղարկելու համար։

Անշուշտ, Խորհրդային Ռուսաստանը սկսել է ավելի շատ հետաքրքրվել մերձավորարևելյան երկրներով և շփվել տարբեր տարրերի հետ, որոնց կարող է օգտագործել իր օգտին։ Նովիկովին Եգիպտոս ուղարկելով, փորձում են որոշ ժամանակով դեսպան ուղարկել Իրաք, սակայն Իրաքի դեսպանի խոսքով՝  իրաքցիները հավանություն չեն տվել դրան: Վերջապես, Կահիրեի Խորհրդային Միության դեսպանատան գործավար Սուլթանովի մեկնումը և Անկարայի դեսպանատան գլխավոր քարտուղար Միխայլովի այցերը Պաղեստին և  այստեղ (Բեյրութ), ակնհայտորեն ապացուցում են այս փաստը։ Չնայած Միխայլովը եկել էր Բեյրութ՝ հավաքելու նախկին ցարական Ռուսաստանի փաստաթղթերը և գործել է շատ զգուշավոր, բայց հաստատ է, որ այստեղ նա որոշակի շփումներ է ունեցել: Ավելին, Նիդերլանդների հյուպատոսը, ով աշխատում էր նրա հետ այս արխիվների գործում, մի անգամ զանգահարեց ինձ և տեղեկացրեց, որ 48 ժամ չի կարողացել տեսնել Միխայլովին՝ ոչ հյուրանոցում ,ոչ էլ որևէ այլ վայրում:

Բացի այդ, ինչպես նախկինում բազմիցս նշել եմ՝ այստեղ կան մի շարք արաբ, ուղղափառ, հայ և կոմունիստական ​​տարրեր, որոնք իսկապես հակված են դեպի սովետները։ Մեծ է հավանականությունը, որ այդ տարրերին կմիանան նաև նրանք, ովքեր փայփայում են անկախության  հույսը։

Որոշ գաղութատիրական պետություններ փորձում են մեզ ճնշել այս կամ այն ​​նպատակով։ Այն քարոզչությունը, որը նրանք անում են՝ նպատակ ունենալով  իրենց տեղը զբաղեցնել Ռուսաստանի միջոցով, ի վերջո ուղղվում է հօգուտ Ռուսաստանի։

Հարգանքներով՝

Գլխավոր հյուպատոս Ֆաթին Ռյուշթու Զորլու

15.03.2021թ. 32383030 որոշմամբ զեկույցի գաղտնիությունը վերացվել է  

Աղբյուր՝ Yeni Yaşam թերթ