Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21․000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:

Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։