Բայաս բերդաքաղաքը գտնվում է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայում՝ Ալեքսանդրեթի ծովածոցի արևելյան ափին: Բայասի մասին (հատկապես հին ժամանակների) տեղեկությունները սակավ են: XIIդ. վերջին Բայասի տերը դասվել է Կիլիկյան Հայաստանի առաջնակարգ իշխանների շարքը:
Նույն դարում հիշվում են Բայասի Ս.Աստվածածին եկեղեցին, շուկան, իջևանատունը, բաղնիքը: Քաղաքի բարձրադիր մասում գտնվող բազմանկյուն և ամրակուռ բերդը պատմագիրները անվանում են Կուսանաց բերդ: XIIIդ. վերջին, ընկնելով օտար նվաճողների տիրապետության ներքո, անկում է ապրել և վերածվել անշուք գյուղի:
Շրջակա բարեբեր հողերի մշակման շնորհիվ բարգավաճել է XVIII դարում: XIXդ. վերջին և XXդ. սկզբին Բայասը համանուն գավառակի կենտրոն էր: Ուներ շուրջ 5 հազար հայ բնակչություն, որոնք զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, մասամբ` երկրագործությամբ:
Բայասի հայերը բռնագաղթի են ենթարկվել 1915թ. Հայերի ցեղասպանության ժամանակ: Նրանց մեծ մասին թուրքերը կոտորել են գաղթի ճանապարհին, փրկվածներն ապաստանել են Սիրիայում և այլ երկրներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բայասում ապրում էին տարագրությունից վերադարձած մոտ 300 հայեր: