Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող  ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: 

Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նաև ասել է, որ որպես հոգևորական՝ հիասթափված է միջազգային հանրության արձագանքից՝ Արցախի պատերազմին: Պատվիրակությունը այցելելու է Հայերի ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու են Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: