Կոստանդնուպոլսի բոլոր նշանավոր կառույցների տակ կարելի է տեսնել Բալյան ստորագրությունը: Արևմտյան Հայաստանում Բալյանների գերդաստանը հայտնի է որպես 19-րդ դարի օսմանյան ճարտարապետության ամենանշանավոր ընտանիք: Հայկական ծագում ունեցող Բալյանները` հայր, որդի և եղբայրներ, չորս սերունդ շարունակաբար եղել են ճարտարապետներ։ Նրանց արմատները գալիս են Կեսարիայից: Մոտ մեկ դար Բալյան ազգանունը կրած այս ճարտարապետները, մեկը մյուսին հետևելով, վարել են բեղուն և ազդեցիկ կյանք: Բալյանները կրթություն են ստացել Եվրոպայում, և երբ կայսրությունում սկսվեց նորաձև համարվել եվրոպական ճարտարապետությունը, հենց նրանք դարձան իրենց գործի վարպետները։ Նրանց մասնագիտական լայն գործունեությունը և բնատուր տաղանդը պատճառ դարձան, որ Բալյան ազգանունը հռչակվի թե’ երկրի ներսում և թե’ դրա սահմաններից դուրս:

Նրանց ուժերով են կառուցվել Թոփհանեի Նուսրեթիե մզկիթը, Բայազետի աշտարակը, Բեշիքթաշի ամրոցը, Արնավուտքյոյ Վալիդե սուլթանի ամրոցը, ինչպես նաև Օրտաքյոյ շրջանում՝ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, նշանավոր Դոլմաբահչե և Չրաղան պալատները, հայկական Սուրբ Նշան, Սուրբ Երրորդություն, Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիները և էլի շատ հրաշալի կառույցներ։