44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով Արցախի տարբեր շրջաններում նոր թաղամասեր են կառուցվում:
Ինչպես օրերս հայտարարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը արդեն իսկ սկսվել է, իսկ ընդհանուր ծրագրով նախատեսված է յոթ հազար տուն կառուցել և ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք սեփական տունն ունենա:
Ըստ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանի՝ ներկայումս նոր թաղամասեր են կառուցվում Իվանյանում, Հովսեփավանում, Աստղաշենում, Նորագյուղում, Խնածախում, Այգեստանում, Դահրավում, Կարմիր Շուկայում, Մարտունիում, որոնց մի մասը շահագործման կհանձնվի 2022 թվականի վերջին, իսկ մնացածը՝ 2023 թվականին: Բնակարանաշինության ծրագրերը իրականացվում են Արցախի պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների միջոցներով: