Արևմտյան Հայաստանի Դերսիմ նահանգում գտնվել է անցյալ տարի պատմական վայրից գողացված և որոնման մեջ գտնվող հայկական գերեզմանաքարը։

Խոյի գլխով պատկերը կրող այդ գերեզմանաքարը գողացվել էր Դերսիմ նահանգի Չըլգա գյուղի՝ մոտ 500-ամյա հնությամբ գերեզմանոցից, որի մասին Դերսիմ նահանգի թանգարանային տնօրինությանը ահազանգել էին տեղի բնակիչները։ Թանգարանի իրավասուներն էլ դիմել էին  համապատասխան մարմիններին։

Մոտ 200 կգ ծանրությամբ այդ գերեզմանաքարը նկատվել էր Դերսիմի Բուզլուփընար գյուղում, մի լքված տան հետնամասում։ Պատկան մարմիններն այն գտնելուց անմիջապես հետո տեղափոխել են թանգարան։

Թուրքալեզու լրատվամիջոցները չեն նշում գերեզմանաքարի հայկական լինելու մասին։ Սակայն գերեզմանաքարի վրա փորագրված պատկերներն ապացուցում են նրա հայկականությունը։