Արցախի ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտի այժմյան հիմնական ուղղություններն ու առկա դժվարությունները։

Պատերազմից հետո Արցախում զբոսաշրջիկների համար կազմվել է անվտանգ վայրերի հատուկ ցանկ։

«Տարածքների կորստի հետ կորցրել ենք նաև արդեն կայացած զբոսաշրջային վայրերը՝ իրենց ենթակառուցվածքով, ճանապարհներով։ Այդ պատճառով ավելի ուշադրություն ենք դարձնելու գյուղական քայլարշավներին, քանի որ նշված ճանապարհներով ոչ բոլոր ավտոմեքենաները կարող են անցնել»,- ասաց Առաքելյանը։ Դրանցից են՝ հյուսիսում Վանք գյուղը՝ Գանձասարի վանքով, «Դարպասներ» կոչվող պալատ-ամրոցով, որը Հասան-Ջալալյան իշխանների տոհմական ապարանքն է, Ծմակահող գյուղը, Քոլատակը, Ծաղկաշատ գյուղը, Արծվաշենը՝ իր հայտնի «աստղիկներով» և այլն։ Հարավում էլ զբոսաշրջային ուղղություններից են Ամարասի վանքը, Տնջրի ծառը, Բովուրխանի վանքը։

Մինչ պատերազմը Արցախ այցելում էին նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի քաղաքացիներ։  Պատերազմից հետո Արցախի օտարերկրյա այցելուները հիմնականում հայկական ծագում ունեցողներն են՝ տարագիր հայերը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիները։