Կոստանդնուպոլսի Քաղկեդոն (Քադըքյոյ) թաղամասում 2022 թվականի հունիսի 4-5-ը տեղի կունենա Անհետացման եզրին գտնվող լեզուներով հեքիաթների փառատոնը, որի շրջանակում կկարդացվեն հեքիաթներ Թուրքական բռնատիրության տակ բնակվող այն ազգերի լեզուներով, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են որպես վտանգված:

Իր տեսակի մեջ եզակի այս փառատոնի ընթացքում տեղի կունենա  համերգ, որտեղ կհնչեն վտանգված լեզուներով երգեր, ինչպես նաև կկազմակերպվեն  ցուցահանդեսներ և կներկայացվեն ցուցապաստառներ՝ մայրենի լեզվի թեմայով։

Փառատոնի շնորհիվ աշխարհին լսելի կդառնան անհետացող լեզուների ձայները, իսկ այդ լեզուներով հնչող հեքիաթները կփաստագրվեն։ Միջոցառումը հնարավորություն կտա ուշադրություն սևեռել Թուրքիայում անհետացման եզրին գտնվող լեզուների վրա, որոնց մեջ տեղ են զբաղեցնում ընդհանուր առմամբ 15 լեզու՝  արևմտահայերեն,  համշեներեն, զազաերեն, լազերեն, վրացերեն և այլն։

Բնականաբար, հաճելի է, որ կազմակերպվում են այնպիսի միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում վեր հանել արևմտահայերենի և մեր մայրենի լեզվով գրված գրականության արդիականության հարցը։ Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը այս փառատոնի հանդեպ հետևյալն է՝ բնիկ ազգերի բոլո՛ր իրավունքները պետք է պաշտպանվեն և կիրառվեն սեփական տարածքներում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և ոչ միայն մշակույթի ոլորտում, այլև սեփական ցանկությամբ և նախաձեռնությամբ՝ ցանկացած ոլորտում։