Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատում է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի: 

Այս մասին ասվում է Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցի հայտարարության մեջ: «Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Արցախի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ ստեղծելով պայմաններ հանուն տևական ու արդար խաղաղության: Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության պարագայում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի հաստատում: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով՝ ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը: 

Նախագահ Միշելը ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունն ու այս առումով հանրային հռետորաբանության կարևոր դերը: Նա ողջունել է Երևանի ու Բաքվի ղեկավարներին և հայտնել բանակցությունների շարունակման նպատակով բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրության մասին՝ հայտնելով ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու իր աջակցությունը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում»- նշել է Միշելի խոսնակը