ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ասել է, որ սահմանազատման գործընթացում սեղանին դրվելու են բոլոր քարտեզները։ Հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու, Հակոբյանը պատասխանել է․ «Տարբեր, ինչքան քարտեզ ունենք, դնելու ենք սեղանին»։

Ո՞ր քարտեզների մասին է խոսքը, խորհրդայի՞ն, ՌԴ գլխավոր շտաբի՞, որոնք իսկական ծուղակ են հայկական կողմի համար։ Թե՞ հայկական հանձնաժողովը պատրաստվում է իսկապես սեղանին դնել ունեցած բոլոր քարտեզները։ Օրինակ՝ Սևրի, Ազգերի լիգայի քարտեզները, որոնք ի տարբերություն խորհրդային վարչական բաժանումների՝ միջազգային լեգիտիմություն ունեն եւ կարող են հիմք լինել։ Հայկական հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է սեղանին դնել նաեւ 1921-ի ռուս-թուրքական Կարսի պայմանագրի հարցը, որի իրավական առավելագույն ժամկետը լրացել է և որը Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավի պատճառն է։ Այդ պարագային եւ այլ հանգամանքների ուժով առաջանում է Նախիջեւանը Հայաստանին վերադարձնելու հարցը։

Խորհրդային քարտեզներով սահմանազատմամբ խնդիրը չի փակվելու։ Սեղանին նվազագույնը Արցախի ու Նախիջեւանի օտարման եւ Բաքվին պատկանելության օրինականացման հարցն է, որի պարագային իրականություն է դառնալու Մեղրիի արտատարածքային միջանցքը։