Արցախը և նրա գոյությունը տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով գործնականում անհնար կլինի։

«Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-նշել է նախարարը գրառման մեջ: