Լրագրողների հետ զրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ասել է․«Եթե անգամ եվրոպական մակարդակում համարձակության բացակայություն կա կոնկրետ ֆիքսելու, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է, ապա Արցախի ժողովրդի շրջանում այդ անվստահությունը պետք է առաջանա այդ բանակցությունների շուրջ։ Արցախի ժողովուրդը ոչ թե (մինակ) Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունն է, այլ Արցախի Հանրապետության պետականակիր ժողովուրդը։ Ժողովուրդը, որը 1991 թվականին ստեղծել է պետություն, հռչակել է անկախություն եւ կրում է այն։  Այո, մենք կողմնակից ենք, որ հակամարտությունը համապարփակ լուծում ստանա, եւ այդ լուծման մեջ պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Տարբեր ժամանակների բանակցություններում հայկական կողմը միշտ առաջնորդվել է համապարփակ կարգավորման սկզբունքով եւ այսօր էլ մեզ համար դա ընդունելի է։ Մատների վրա կարող ենք հաշվել հակամարտություններ, որտեղ հակամարտություն կրողը ներկայացված չէ բանակցություններում, սա աբսուրդ է, պետք է գանք այն կետին, որ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցեն իրենց ժողովրդի ճակատագրի որոշման բանակցություններին»։