Հայաստանի Հանրապետության եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը Rûdaw լրատվական ալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ապրող եզդիների մշակույթի և առօրյա կյանքի մասին։

Նա մասնավորապես նշել է, որ Օսմանյան ժամանակաշրջանում Հայաստան բռնագաղթած եզդիները պահպանել են իրենց սրբություններն ու ավանդույթները մինչ օրս։

Հաջոյանի խոսքով՝ 2011թվի մարդահամարի տվյալներով Հայաստանում 35 հազար 308  եզդի է բնակվել, որից 11 տարի անց  նրանց թիվը հասել է 40 հազարի, որը հաստատում են եզդիական համայնքի նշանավոր առաջնորդները։

«Հայաստանի Հանրապետությունը մեզ շատ հնարավորություններ է տալիս։ Օրինակ՝ մենք եզդիերեն թերթ ու ռադիո ունենք։ Մեր երեխաները սովորում են 60 գյուղերի և քաղաքների դպրոցներում՝ մինչև 12-րդ դասարան  ստանալով  եզդիների պատմության և գրականության վերաբերյալ  գիտություն»։

Անդրադառնալով Շենգալի և Հայաստանի եզդիների միջև հարաբերություններին՝ Խդր Հաջոյանը նշեց․ «Եզդիների ցեղասպանությունից հետո (ԻՊ-ի ժամանակաշրջան) Հայաստանի և Շենգալի եզդիների միջև կամուրջն ավելի ամուր է դարձել։ Նախկինում շատ շփումներ չէին լինում, այժմ ավելի հաճախ ենք այցելում միմյանց։  Մեր հարաբերություններն ու կապերն  օրեցօր ավելի են ամրապնդվում»: