Հրանտ Դինքի գործով Վերաքննիչ դատարանի կողմից պետական ​​պաշտոնյաների դատավարության հարցով կողմերի դիմումը մերժվելուց հետո Դինքի ընտանիքի փաստաբանները դատարանի այս որոշումը բողոքարկելու համար դիմել են Գերագույն դատարան։

Դինքի ընտանիքի փաստաբանները դեմ են արտահայտվել այն բանից հետո, երբ 2021 թվականի մարտին Կոստանդնուպոլսի ծանր հանցագործությունների 14-րդ  դատարանը հրապարակեց իր կարճ որոշումը։

Իրենց կողմից ներկայացված 19 էջանոց միջնորդության մեջ փաստաբանները առարկել են որոշ ամբաստանյալների արդարացումն ու նախաքննության ընթացքը և պահանջում են բեկանել որոշումը։ Փաստաբանները նաև ընդգծել են, որ Հրանտ Դինքի սպանությանը նախորդած իրադարձությունների ուղղությամբ պատշաճ հետաքննություն չի իրականացվել, իսկ սպանությունից առաջ ինքնադատաստանի կազմակերպիչներն ազատվել են քրեական հետապնդումից։

Իրենց միջնորդությունում փաստաբանները նշել են, որ «չի բացահայտվել, թե կոնկրետ ում կողմից է որոշվել և ինչ գործընթացներով է ուղղորդվել սպանությունը»։