Արծվաշենն անկլավ չի եղել, այն Հայաստանի անբաժանելի մասն է եղել։ Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ով արծվաշենցի է։ Նա նշում է, հայկական կողմն այսօր պետք է հստակ ձևակերպի սա, ոչ թե փորձի ապացուցել, որ Արծվաշենը հայկական է։ «Մենք չպետք է արդարանանք և փորձենք ապացուցել այն, ինչն արդեն ապացուցված է։ Արծվաշենը եղել է, կա ու կմնա հայկական։ Այսօր էլ Արծվաշենի համայնք կա Ճամբարակում, և արծվաշենցիները պատրաստ են վերադառնալ իրենց բնակավայր»,- ասաց Սուլիկո Շուշանյանը։

Արծվաշենցիների 60-70 տոկոսը հենց Ճամբարակում են բնակվում։ 1992 թվականից Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը  ասաց, որ այսօր հայկական կողմի իրավական հիմքն այն է, որ հիմնադրման օրից՝ 1854 թվականից Արծվաշենում բնակվել են միայն հայեր։

«Դրանից դարեր առաջ այդտեղ ջրամբար էին փորում, կային գերեզմաններ, խաչքարեր, այսինքն՝ մինչև 1854 թվականն էլ այդտեղ քրիստոնյաներ են ապրել։ Այդ տարածքը՝ 4600 հա հողով, նաև սովետական տարիներին է ճանաչվել որպես հայկական տարածք։ Մենք ոչ մի կապ չենք ունեցել Ադրբեջանի հետ։ 1854 թվականին հիմնականում Արցախից ու Արևմտյան Հայաստանից մարդիկ տեղափոխվել են սկզբում Չորաթան գյուղ, որտեղից էլ տեղափոխվել և հիմնել են Արծվաշեն բնակավայրը։ Մինչ այդ այդտեղ երբեք թուրք չի ապրել, որ մենք իրենց քշեինք, այնտեղ ապրեինք, դա պատմական հայկական տարածք է»,- ասաց Խեչոյանը։