ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ ասաց, որ Արցախի կարգավիճակի կամ դրան հասնելու արտաքին քաղաքականության տակտիկաները, մարտավարությունները  քաղաքական որոշումներ կայացնող անձանց որոշումներն են:

«Ինձ համար՝ որպես ՄԻՊ-ի, ամենակարևոր սկզբունքը, որի մասին բազմիցս խոսել եմ, Արցախում բնակվող մեր հայրենակիցների բոլոր իրավունքների երաշխավորված իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է: Սա է որպես պաշտպանի մանդատ՝ իմ ամենակարևոր մոտեցումը»,- ասաց Գրիգորանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պահին Արցախում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են, Գրիգորյանն ասաց, որ այս պահին, բնականաբար, որևէ կերպ հնարավոր չէ խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության բավարար վիճակի մասին: «Ակնհայտ է, որ առաջին հերթին անվտանգային հարցերն են. մարդիկ չունեն անվտանգության զգացողություն: Շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով՝ հոգեբանական, ուժի, ճնշման կամ դրա սպառնալիքի ներքո մարդիկ ստիպված են եղել շատ դեպքերում լքել իրենց հայրենի տունը, չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ պատերազմները, ետպատերազմական նման կոնֆլիկտները ուղղակիորեն ամենամեծ ռիսկերն են անձանց իրավունքների համար: