Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. պատերազմից հետո» թեմայով միջազգային համաժողովին մասնակցում էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով համաժողովի ընթացքում անդրադարձավ այն իրավական գործընթացներին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի դատարանում և ՄԻԵԴ-ում : 

Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային հանրությանը պատրաստել է նրան, որ արդարացվի ուժի կիրառումը: Օրինակ՝ հրատարակում էին տեքստեր, զեկույցներ, որոնցում ներկայացված էին իրենց տարածքային իրավունքները, ՀՀ-ն ներկայացվում էր որպես ագրեսոր: Այդ զեկույցները ներկայացնում էին հայտնի գիտնականներ, որոնց խոսքը կշիռ ունի աշխարհում: Հարցին՝ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ միջազգային մամուլը միջազգային հանրության կարծիքի վրա ազդելու առումով, նա պատասխանեց. «Իհարկե, միջազգային մամուլի դերակատարությունը վճռորոշ է, բայց մինչ այդ մենք պետք է կարողանանք ճիշտ շեշտադրումներ անել բոլոր պատերազմական հանցագործությունների պատմությունները ներկայացնելու և փոխանցելու միջազգային ԶԼՄ-ներին: Դա մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց մոտ ճիշտ ընկալումներ ձևավորելու հարցում»։