«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից։

Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ և երիտասարդներ: «Այբ» դպրոցի աշակերտների  նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները  մրցույթում հաղթելու շնորհիվ նաև հնարավորություն կունենան մասնակցելու «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին։