ՀՀ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում ադրբեջանական ԶՈւ-ն անընդհատ ամրանում է։

44-օրյա պատերազմից հետո Բաքուն ՀՀ տարածքի Սոթք-Խոզնավար (Գեղարքունիքից Սյունիք) հատվածում ավելի քան 45 քառակուսի կմ տարածք է գրավել։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարության մեջ ասվում է, որ 2021 թվականի մայիսից Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթք-Խոզնավար հատվածում «ապօրինի կերպով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք»։

Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, ներխուժում են իրականացրել ոչ միայն Սոթք–Խոզնավար հատվածում։ Նրանց առաջխաղացումը նկատելի է և պաշտոնապես հաստատվել է Ներքին Հանդ գյուղի շրջանում և դրանից ավելի հարավ ընկած հատվածում` Վարդասար բարձունքի տարածքում։

Հաշվարկներն իրականացվել են` հիմնվելով Google Earth-ի և Sentinel Hub-ի արբանյակային լուսանկարների և գործիքների վրա:

Կոպիտ հաշվարկներով` Սյունիքի այդ հատվածում Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ է գտնվում մոտ 9 քառ. կմ (մոտավորապես 900 հա) ՀՀ տարածք։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են գերիշխող բարձունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս շատ ավելի մեծ տարածք տեսնել։