Ադրբեջանական ագրեսիայի պարտադրանքով հարազատ օջախները լքած խրամորթցիները քիչ-քիչ գյուղ են վերադառնում, նշեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, բնակիչների մոտ 25 տոկոսն՝ այդ թվում կանայք ու երեխաներ, արդեն վերադարձել են հայրենի օջախներ։

«Բնակիչները կամաց-կամաց, մեկը մյուսին նայելով՝ գալիս են։ Գյուղն արդեն գյուղի նման է դարձել։ Մարդիկ իրենց այգիներն են մշակում, թութ են թափում, առօրյա գործերով են զբաղվում։ Պետք է վստահ լինենք, որ մարդկանց անվտանգությունը լիովին ապահովված է։ Ճիշտ է, մեր դիրքերն էլ ունենք, ռուս խաղաղապահներն էլ հենակետեր ունեն գյուղում, բայց, ամեն դեպքում, եթե հանկարծ մի բան լինի, ո՞վ է պատասխան տալու։ Քարագլխի հատվածում, համենայնդեպս, իրավիճակը նույնն է՝ թշնամին դեռ այնտեղ է»,- ասում է գյուղապետը։