Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը:

Զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: 

ԵԽ-ն, հղում անելով Հայերի ցեղասպանության զոհերի հարյուրերորդ ոգեկոչման հիշատակին՝  2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայերի ցեղասպանությունը և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները: 

Զեկույցի 17-րդ կետում նշվում է, որ ԵԽ-ն ողջունում է թուրքական իշխանությունների կողմից մարդու իրավունքների նոր գործողությունների ծրագրի ընդունումը 2021 թվականի մարտին՝  չնայած մի շարք խնդիրներ մնում են չլուծված։ Նա կոչ է անում թուրքական իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը՝ արդյունավետորեն լուծելու քրդերի, (բնիկ) հայերի և, մասնավորապես, գնչուների համայնքի բնակարանային և կրթական իրավիճակը։

42-րդ կետով ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը երկկողմ պայմանագրեր կնքելու որոշման, հատուկ ներկայացուցիչների նշանակման և երկու երկրների միջև թռիչքների վերսկսման վերաբերյալ և կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին և ևս մեկ անգամ խրախուսում է Թուրքիային ճանաչել Հայերի ցեղասպանությունը։

https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2022-0149_EN.html