Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականին, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Ծառայել է Խորհրդային բանակում։ 1985 թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։ 

Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։ Եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը։ 

Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի և գլխավոր հրահանգիչ Արմենակ Աբրահամյանի հետ մասնակցել է տարբեր շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Երկու անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։

Զոհվել է 1992 թ.-ի հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ 2019 թ.-ի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: