ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում Մադաթաշեն, Սղնախ, Մոշխմհատ և Ջրաղացներ համայնքներից տեղահանված ընտանիքների համար կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներն ակտիվ են ընթանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ,տեխհսկիչ Վազգեն Գրիգորյանը:

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 149 առանձնատուն: Այս պահի դրությամբ ավարտված է 12 առանձնատան կառուցումը, ընթացքում են 10-ի շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ընթանում են նաև 60 առանձնատան ներքին հարդարման աշխատանքներ: Շուտով կսկսվի նաև առանձնատների կահավորման գործընթացը»,-նշել է Վ. Գրիգորյանը:

«Թաղամասում ընթանում են նաև ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքների ստեղծման, փողոցների բարեկարգման աշխատանքներ: Հարևանությամբ կկառուցվի կոյուղաջրերի մաքրման կայան»,-ասաց Վ. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 100 առանձնատուն: