Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԽ՝ Թուրքիայի մասին զեկույցին։
«Մեծ քաղաքական առևտրի մեջ տարբեր կայուն խոսույթներ կան, և Թուրքիային ճնշելու համար Հայերի ցեղասպանության, հայկական կամ քրդական հարցերը շատ հաճախ արծարծվողներից են»,- ասաց Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ, մյուս կառույցների համեմատ, եվրոպական այս կառույցի դեպքում կարելի է արձանագրել նախ շարունակականությունը՝ երբեմն-երբեմն Հայերի ցեղասպանության թեմային անդրադառնալու առումով։ Զեկույցի շեշտադրումներին անդրադառնալով թուրքագետը նշեց, որ դրանք բավականին ճիշտ և հստակ են, ու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ու հոգևոր կառույցների պահպանման առումով։
«Այս փաստաթուղթն առնվազն երկու նշանակություն ունի․ նախ՝ փաստել, որ Թուրքիան գնում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ առանց որևէ հետևություն կամ դրական քայլ անելու՝ պատմության հետ առերեսվելու առումով, և երկրորդը՝ սա նաև հստակ ցուցիչ է, որ Թուրքիայի խաղաղության դարաշրջան կոչված երևույթը կապ չունի իրականության հետ, նույն Թուրքիան է, որը հակամարդկային և ցեղասպան իր մտածողությունը շարունակում է մեր օրերում»- նշեց Մելքոնյանը։