Հայ-ադրբեջանական երկխոսության, մասնավորապես՝ սահմանագծման ու սահմանազատման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերից, թերեւս, ամենատեղեկացված կողմը Ռուսաստանն է: Դա օբյեկտիվ պատճառ ունի՝ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման նախաձեռնողն ու ստորագրողն է, փաստաթուղթ, որում ամրագրված է վերոհիշյալ գործընթացների կատարումը: Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման խնդրի վերաբերյալ Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի՝ պարբերաբար արվող խնդրահարույց հայտարարություններին վերջ դրեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը նշեց․ «Ինչպես գիտեք, երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, եւ որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տեւական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել՝ մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական գործընկերները ելնում են հենց այս մեկնակետից»: