Թիթեռը փոփոխության և զարթոնքի խորհրդանիշն է, մի արարած, որն ի սկզբանե որդ է և կարող է սողալ, բայց մի զարմանալի կերպարանափոխության մեջ՝ անցնելով կոկոնի փուլը՝ սահմանափակ տարածության մեջ սողացողից վերափոխվում է մի էակի, որը թռչում է անսահմանության մեջ:

Իրականում, թիթեռը փոխակերպման խորհրդանիշն է:

Բազմաթիվ փորձեր ունեմ, երբ իրեն հայ համարող բայց այլոց հավատամքներին գերի անհատին ծանոթացնում ես հայկական հավատամքը, բացատրում ես թե ովքեր են մեր հայկական Դիցերը եւ ինչ դեր ու նշանակություն ունեն հայ անհատի կյանքում, պատմում ես Հայկ Նահապետի մասին ու ասում թե ինչպես այլոք իր նախնիներին ու այսօր էլ իրեն կտրել են իր ազգի Նահապետից ու նրա հավատամքից ու պարտադրել են այլ ազգի հավատամքը որպես իր սրբություն, որը տանում է դեպի անդունդը, սկսում է գիտակցել, որ դարեր շարունակ իր ազգը շարունակում է գահավիժել, որովհետեւ այլ վառելանյութ են պարտադրել իր ազգի շարժիչին, որը ի զորու չէ ազգին վերելքներ պարգեւել: 

Այս գիտակցությանը հասած հայը ցավալի կոկոնի փուլ է սկսում ապրել ու ընթացքում սողացող որդից վերածվում է թռչող թիթեռի: Այդտեղ ծնվում է Հայկազունը, որն արդեն սողացող  տեսակ չէ կրոնների ու հավատալիքների դաշտում, այլ թռչում է ինքնավստահ ու հպարտ իր ազգային հավատամքի երկնքում: Թող բոլոր ազգերը ապրեն իրենց ազգային հավատամքով եւ Հայն էլ ապրի իր Հայկազուն նախնիների սրբազան հավատամքով եւ այդպես կրկին վերանվանվի ՀԱՅ:

Քուրմ Յարութ Առաքելեան