Մածուն՝ կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր կենսաքիմիական ակտիվությամբ եւ պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից եւ կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներով։ Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես՝ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Այսօր էլ մածունի ստացման՝ մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ։ Հայաստանում տիրապետել են նաեւ մածունի երկարատեւ պահպանման միջոցներին։

Leave a Reply