Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր հայաթափվել էին դեռևս 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացված «կոլցո» ռազմաոստիկանական գործողության արդյունքում։ Սակայն Ադրբեջանի նպատակը Շահումյանի վերջնական հայաթափումն ու բռնազավթումն էր, որն էլ իրագործեց 1992թ. հունիսին։ 30 տարի առաջ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Շահումյանի տասնյակ հազարավոր բնակիչներ բռնագաղթվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ՝ երբեք չմոռանալով իրենց կորուսյալ հայրենիքն ու այդ օրերին տեսած ու ապրած դաժանությունները։

Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան հատվածն ունի հնագույն և հարուստ պատմություն։ Այն բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերու՝ Մեծ Հայքի ժամանակաշրջանում այն ներառված է եղել Ուտիք և Արցախ նահանգների Մեծ Կուանք գավառի տարածքներում։

Մինչև 20-րդ դարի վերջերը շրջանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել հայերով՝ չնայած մերթ ընդ մերթ նվաճվել է օտարազգիների կողմից։ Տեղաբնիկ հայ բնակչությունը կարողանում է պահպանել և զարգացնել սեփական գիրն ու գրականությունը, մշակույթը։ 14-րդ դարում հիշատակվում են Պարիս և Գյուլիստան գյուղերը որպես կարևոր կրթօջախներ։

Leave a Reply