«Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է». այսպես է վերնագրել «Եվրանյուզ» միջազգային առաջատար մեդիացանցն իր անդրադարձը՝ հռչակելով հայկական բարձրավանդակը գինեգործության հնագույն հայրենիք։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրանյուզ» լրատվականը պատմում է հայկական 8000-ամյա խաղողագործության ավանդույթների և 6000-ամյա գինեգործական մշակույթի մասին՝ հավելելով, որ գինու մասին մտածելիս չպետք է բաց թողնել գինեգործական ամենահին շրջաններից մեկը՝ Հայաստանը։
Լրատվամիջոցը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջերս բացված գինու պատմության թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշները այցելուների համար ճանապարհ են բացում դեպի հայկական գինեգործության անցյալ:
Թանգարանը գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա՝ Արմենիա Վայն գինեգործարանում, տեղակայված է 8 մետր խորությամբ բազալտե ապարներում։
Կարևորելով հնագույն գինեգործության մշակույթը հանրահռչակելու թանգարանի միտումը, «Եվրանյուզը» մատնանշում է նաև մատենագրության առկայությունը, ինչը փաստում է, որ Հայաստանն իսկապես գինեգործության բնօրրանն է։