Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:

«Հատկապես պատերազմից հետո Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ է խորհուրդը ձևավորվել՝ միավորելու հայկական զույգ պետությունների պետական մարմինների և փորձագիտական շրջանակների ջանքերը: Խորհրդի գործառույթներից են մեր մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների ու հանցագործությունների մշտադիտարկումն ու արձանագրումը, միջազգային տարբեր հարթակներում փաստերի ներկայացումը»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում մշակութային ցեղասպանության պետական քաղաքականությունն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական գործունեությունը՝ պետական նախարարն ընդգծել է, որ Խորհրդին սպասվում է ծավալուն ու համակարգված աշխատանք՝ նպատակ ունենալով օգտագործել պետական, փորձագիտական ու հանրային բոլոր կարողունակ շրջանակների ներուժը դրված նպատակների համար: