Արևմտյան Հայաստանի ԱԺ 2-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգի հաջորդ թեման էր նախընտրական քարոզարշավի կազմակերպումը, որի շուրջ տեղի ունեցավ քննարկում ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի, ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի և մասնակից պատգամավորների միջև:

Նելլի Հարությունյանը հայտարարեց, որ այս տարվա վերջին լիագումար նիստը կկայանա 2022 թվի դեկտեմբերին, որից հետո՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը կհայտարարվի նախընտրական քարոզարավի տարի, որի ընթացքում հնարավորություն կլինի լրացնելու պատգամավորների շարքերը: Քարոզարշավը կընթանա էլեկտրոնային տարբերակով: Կձևավորվի համապատասխան հանձնաժողով, որը կհաշվի 2023 թվի դեկտեմբերին կայանալիք ընտրությանը մասնակցող թեկնածուների քանակը: Այս համատեքստում  ԱԺ նախագահը ներկաներին ուղղեց հետևյալ հարցերը։

1.Ելենելով նրանից, որ հաջորդ տարի նախընտրական է լինելու, պետք է քննարկել ԱՀՀ հաջորդ նախագահի  թեկնածուի հարցը՝ թե ինչպիսի չափորոշիչների պետք է համապատասխանի նախագահի թեկնածուն

2.կա՞ն արդյոք իրենց թեկնածությունը առաջադրել ցանկացող պատգամավորներ

3.տեսնու՞մ եք արդյոք որևէ խնդիր, որպեսզի գործող նախագահը հաջորդ ընտրություններում ներկայացնի իր  թեկնածությունը պատգամավորի մանդատի համար:

Վերջին հարցին ի պատասխան ելույթ ունեցան առանձին պատգամավորներ՝ հայտնելով իրենց տեսակետը, որի արդյունքում բոլոր պատգամավորները միաձայն տվեցին դրական պատասխան՝ Արմենակ Աբրահամյանի՝ պատգամավորի թեկնածությունն առաջադրելու համար:

Քննարկմանը հաջորդեց Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը, որը կներկայացնենք լուրերի հաջորդ թողարկման ժամանակ: